ՀԵԱԽ լրատվական ցանց
Այս պահին կայքը դիտում են՝ 1
Վերջին թարմացումը՝ 26.08.2010

ՀԵԱԽ-ի մասին

Խորհրդային Հայաստանում սկիզբ առած Ղարաբաղյան շարժման համապետական զարգացումներում ազգային գաղափարախոսությամբ տոգորված ժամանակի հայ ուսանողությունը լուրջ դերակատարում ստանձնեց` մարտնչելով անարդարության, խորհրդային իշխանության պատմական սխալների և միության ստահոդ էության դեմ:

Երիտասարդությունը անկախության գործընթացի, Արցախի ազատագրման և հետագայում` նորանկախ Հայաստանի պետականության կայացման ոչ միայն մասնակիցը, այլև կրողը դարձավ: Բազմաթիվ հայորդի ուսանողներ, երիտասարդներ, կամավորներ դարձան ‎ֆիդայական, ազատագրական ջոկատների մարտիկներ: Ցավոք, շատերն ընկան հանուն երկրի ապագայի, Արցախի ազատագրման, հայի արժանապատվության: Ձեռքբերվածն ահռելի ոգի էր տարիներ շարունակ “զոհի” բարդույթ ունեցող ազգի համար:

Հասարակարգի փոփոխում ապրող, պատերազմ ապրած ցանկացած երկրին բնորոշ են երևույթներ (կլանային խումբ-խմբավորումներ, ներիշխանական պայքար և այլն), որից չխուսափեց նաև նորանկախ Հայաստանը: Արյամբ ձեռքբերվածի պահպանման, պետության անսասանության մտահոգությամբ և ժողովրդավարական երկիր կառուցելու նախաձեռնությամբ ձևավորվեցին հասարակական միավորումներ: Բուհերում ուսանողությունը ստեղծեց իր դեմքն ու կարծիքը ներկայացնող ներկայացուցչական ուսանողական ինքնակառավարման մարմիններ: Սկիզբ դրվեց Հանրապետական Ուսանողական Խորհրդի (ՀՈՒԽ) հիմնադրման գործընթացը, որին անդամակցում էին պետական մի շարք ուսանողական խորհուրդներ: Ստեղծվեցին երիտասարդական բազմաոլորտ նախասիրությունների, շահերի պաշտպանության տարաբնույթ կոմիտեներ և հասարակական կազմակերպություններ: Զուգահեռ 6 քաղաքական կուսակցությունների երիտասարդական կազմակերպություններ ստեղծեցին “Երիտասարդական քաղաքական Համագործակցության Ակումբ” (ԵՔՀԱ), որն ունեցավ կարճատև կյանք: 1993-1995թթ-ին ուրվագծվեց երիտասարդության խավն ու ոլորտը:

Երկրի քաղաքական, սոցիալ-տնտեսական ծանր վիճակի պայմաններում, գիտակցելով համախմբված և համակարգված ներկայանալու ու գործելու անհրաժեշտությունը ՀՈՒԽ-ի, ԵՔՀԱ-ի և այլ կազմակերպությունների մի շարք ակտիվ գործիչների նախաձեռնությամբ 1995թ-ին փորձ արվեց ստեղծել Հայաստանի Երիտասարդության Ազգային Խորհուրդը:

Հանդիպումներում գաղափարի և սկզբունքների շուրջ ծավալվող քննարկումներն ու խորհրդակցությունները տվեցին իրենց նախնական արդյունքները, որով սկիզբ դրվեց երիտասարդական միավորումների համագործակցության: Անշուշտ կազմակերպությունների միջև նկատելի էին նաև իրարամերժ մոտեցումներ և գնահատականներ, որոնց հիմքում հաճախ սադրանքն էր, երբեմն էլ, երիտասարդությանը բնորոշ էմոցիոնալ դրսևորումները, սակայն Երիտասարդության Ազգային Խորհրդի կայացման անհնարինությունը պայմանավորված էր նախ և առաջ հովանոց կառույց ունենալու իրավական դաշտի բացակայությամբ ( ՀԿ-ների մասին օրենքի անկատարություն):

ՀԵԱԽ հիմնադրելու երկրորդ փորձը ավելի քան հաջողված էր և այսօր արդեն նշանակալից: 1997թ-ի հուլիսի 9-ին կայացավ ՀԵԱԽ հիմնադիր համագումարը` 27 կազմակերպությունների մասնակցությամբ, ուր հաստատվեց կանոնադրությունը, ընտրվեցին ղեկավար մարմիններ: Նույն թվականի դեկտեմբերի 26-ին ՀՀ Արդարադատության Նախարարության պետական ռեգիստրում գրանցվեց “Հայասատանի Երիտասարդության Ազգային Խորհուրդ” հասարակական կազմակերպությունը:

ՀԵԱԽ-ին անդամակցեցին երիտասարդական հասարակական կազմակերպություններ, ուսանողական խորհուրդներ և քաղաքական կուսակցությունների երիտասարդական կառույցներ:

Համախմբված գործունեությունը տալիս էր իր առաջին արդյունքները: Աշխատակարգի և առաջնահերթությունների մշակմանը զուգահեռ ինտենսիվ լոբբինգի արդյունքում երիտասարդական քաղաքականության մշակման համար ստեղծվեց երիտասարդության վարչությունը, իսկ ծրագրերի իրականացման աջակցությունն ապահովելու նպատակով ՀՀ Պետական Բյուջեում ընդունվեց առանձին հոդված:

Պետական մարմինների, գերատեսչությունների, զինվորականության հետ ակտիվ շփումներն ու համագործակցությունը նպաստավոր էին երկրի ներքաղաքական կյանքի կայունացման, փոխվստահության և երիտասարդության ոլորտի հիմնախնդիրների ձևակերպման, ծանուցման, հաճախ նաև պահանջները ուղղակիորեն հասցեատիրոջը ներկայացնելու տեսակետից: ՀԵԱԽ նախագահության, քարտուղարության և հանձնաժողովների մի շարք անդամներ ներկայացվեցին և անդամակցություն ունեցան պետական գերատեսչությունների կոլեգիալ մարմիններում:

Կազմակերպությունում գործող առողջապահական և սոցիալական հարցերի, մշակույթի և հոգևոր դաստիարակության, արտաքին կապերի, կրթության հանձնաժողովներում մշակվում էին առաջարկություններ և տրվում եզրակացություններ ոլորտների հետ առնչվող օրենսդրական ակտերի և սահմանվող կարգերի մասին: Մշակվեցին և իրականացվեցին բազմաթիվ պետականաշեն, հայանպաստ ծրագրեր (ռազմահայրենասիրական, սոցիալական, մշակութային, առողջապահական, իրավունքների պաշտպանության և այլն):

Համագործակցելով պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների հետ` ՀԵԱԽ-ը հիմնադրման օրվանից աշխատանքներ է իրականացրել նաև ՀՀ մարզերում` ապահովելով մարզաբնակ երիտասարդների մասնակցությունը երիտասարդական գործընթացներին:

ՀԵԱԽ գործունեության գերակայություններից մեկն է արտաքին հարաբերությունների ոլորտը: 1998թ-ից սկսեցին հստակ քայլեր ձեռնարկվել Եվրոպական կարևորագույն կառույցների հետ կապ հաստատելու և համագործակցելու ուղղությամբ: Արդյունքում, ստեղծվեցին կայուն գործնական փոխհարաբերություններ, որոնք ներկայումս ընթանում են բավական արդյունավետ կերպով:

2000 թվականին ՀԵԱԽ-ը դարձավ Եվրոպական Երիտասարդական ‎Ֆորումի (ԵԵՖ) թեկնածու, իսկ 2002-ից` լիիրավ անդամ:

ՀԵԱԽ-ի միջազգային մասնակցությունը եղել և մնում է ակտիվ: Մեր ներկայացուցիչները մասնակցել և հանդես են եկել բազմաթիվ միջազգային, Եվրոպական, տարածաշրջանային ծրագրերի, խորհրդաժողովների, սեմինար-քննարկումների, ներկայացրել հայ երիտասարդությանն ու ազգային շահը:

2005 թվականից Արևելյան Եվրոպայի Երիտասարդական Համագործակցության (ԱԵԵՀ) անդամ կազմակերպություն է: 2007 թվականի ապրիլի 2-ից ստանձնել է Արևելյան Եվրոպայի Երիտասարդական Համագործակցության կազմակերպության նախագահությունը:

Կազմակերպության բարձրագույն ղեկավար մարմին` Համագումարը միշտ հանդես է եկել հայտարարություններով, բանաձևերով: Համագումարը ՀԵԱԽ-ի կազմում ընդգրկել է նոր կազմակերպությունների, կասեցրել և իր շարքերից հեռացրել իրենց ակտիվ գործունեությունը դադարեցրած ավելի քան 30 կազմակերպությունների:

Ներկայումս ՀԵԱԽ-ի լիիրավ անդամները շուրջ 70-ն են:

ՀԵԱԽ-ը համալրված լինելով գործող, ակտիվ երիտասարդական կազմակերպություններով` ակտիվորեն մասնակցում է երկրում քաղաքացիական հասարակության ինստիտուտների կայացմանը:

Դիտորդական առաքելությամբ մասնակցել է ՀՀ-ում կայացած բոլոր համապետական ընտրություններին (պառլամենտական, նախագահական, տեղական ինքնակառավարման մարմիններ):

ՀԵԱԽ-ը շարունակում է ակտիվորեն աշխատել հասարակական, պետական, միջազգային միավորումների հետ` ընդլայնելով համագործակցության դաշտն ու աշխարհագրությունը:

Կազմակերպությունը մնում է իր սկզբունքներին հավատարիմ, իր կենսափորձից արմատավորում լավն ու դրականը, կրում պատասխանատվություն երիտասարդական շարժման և գործընթացի համար: